Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 10

:
Armenian - NEA
1 Աքաաբը Սամարիայում յոթանասուն որդի ուներ։ Հեուն նամակ գրեց և ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին և Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասված էր.
2 «Երբ ձեզ հասնի այս նամակը, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և դուք ունեք մարտակառքեր ու երիվարներ, ամրապատ քաղաքներ ու զենքեր,
3 ձեր տիրոջ որդիներից, որին արժանի ու հարմար տեսնեք, նստեցրե՛ք իր հոր գահին և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։
4 Նրանք շատ վախեցան ու ասացին. «Երկու թագավոր չկարողացան նրա դեմ կանգնել, մենք ինչպե՞ս դեմ կանգնենք»։
5 Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։
6 Նա երկրորդ նամակը գրեց նրանց՝ ասելով. «Եթե դուք ինձ եք պատկանում և իմ ձայնին հնազանդ եք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրե՛ք և վաղն այս ժամին բերե՛ք ինձ մոտ՝ Հեզրայել»։ Արքայի որդիները յոթանասուն հոգի էին, և քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։
7 Երբ նամակը նրանց հասավ, բռնեցին արքայի որդիներին, յոթանասունին էլ սպանեցին և նրանց գլուխները կողովների մեջ դնելով՝ ուղարկեցին նրա մոտ՝ Հեզրայել։
8 Սուրհանդակը եկավ ու Հեուին ասաց. «Արքայի որդիների գլուխները բերել են»։ Նա ասաց. «Դրանք երկու կույտ անելով՝ դրե՛ք քաղաքից դուրս մինչև առավոտ»։
9 Առավոտյան նա ելավ կանգնեց և ասաց ողջ ժողովրդին. «Դուք մեղավոր չեք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դեմ, և ես եմ սպանել նրան, բայց տեսե՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։
10 Որպեսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խոսքն իրականանա, Տերը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով»։
11 Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։
12 Դրանից հետո Հեուն ելավ գնաց Սամարիա։ Երբ ճանապարհին նա հասավ հովիվների կացարանին,
13 Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։
14 Հեուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեք»։ Նրանց կենդանի բռնեցին ու հովիվների կացարանի մոտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, և նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
15 Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։
16 Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդեպ ունեցած նախանձախնդրությունս տե՛ս»։ Եվ նա իր մարտակառքը նստեցրեց նրան։
17 Նա մտավ Սամարիա և այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչև որ նրանց բնաջնջեց, ինչպես Տերն ասել էր Եղիային։
18 Հեուն հավաքեց ողջ ժողովրդին և նրանց ասաց. «Աքաաբը Բահաղին քիչ ծառայություն մատուցեց, իսկ Հեուն շատ ծառայություններ պիտի մատուցի։
19 Արդ, Բահաղի բոլոր մարգարեներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մո՛տ կանչեք. թող ոչ ոք չբացակայի, քանի որ Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկվի»։ Հեուն խաբեություն արեց, որպեսզի Բահաղի ծառաներին կորստյան մատնի։
20 Հեուն ասաց. «Բահաղի համար սրբազան զոհաբերությո՛ւն պատրաստեք»։ Այդ բանը հաղորդեցին բոլորին։
21 Հեուն Իսրայելի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհյանը, և մեհյանը բերնեբերան լցվեց։
22 Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։
23 Հեուն և Ռեքաբի որդի Հովնադաբը մտան Բահաղի մեհյանը։ Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, թե արդյոք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պետք է լինեն»։
24 Հեուն մտավ խունկ ծխելու և ողջակեզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարյուր ութսուն մարդ կանգնեցրեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը կենդանի թողնի նրան, ում ես կհանձնեմ ձեր ձեռքը, իր կյանքով կհատուցի այդ մարդու փոխարեն»։
25 Երբ Հեուն ողջակեզները կատարեց վերջացրեց, ասաց հետևակ ու սպառազեն զինվորներին. «Մտեք կոտորե՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգա»։ Հետևակ ու սպառազեն զինվորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա մտան ներքին սենյակը, որտեղ գտնվում էր Բահաղի արձանը,
26 դուրս հանեցին այն և այրեցին։
27 Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։
28 Այսպես Հեուն Բահաղ աստծուն վերացրեց Իսրայելից։
29 Սակայն Հեուն Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթելի ու Դանի ոսկե երինջներից չհրաժարվեց։
30 Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։
31 Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։
32 Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում,
33 Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։
34 Հեուի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա բոլոր քաջագործությունները, մղած պատերազմները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
35 Հեուն գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Սամարիայում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Հովաքազը։
36 Հեուն Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց քսանութ տարի։